Չորեքշաբթի Դևիդ Քեմերունը կհեռանա Բուկինգհեմյան պալատից իբրև խորհրդարանի պատգամավոր: Նրա կարիերան ընդհատվեց ամենանվաստացուցիչ հանգամանքներում: Մի քանի րոպեից կժամանի Թերեզա Մեյը, որպեսզի գլխավորի արքայական կառավարությունը՝ այսպես է աշխատում բրիտանական քաղաքականությունը՝ գրում է Թոմ Մակտագը Politico-ում: Անցնելով կարճ տարածությունը դեպի Դաունինգ սթրիթ ամուսնու հետ՝ Մեյը կմտնի թիվ 10 շենքն իբրև վարչապետ: Քարտուղարը նրան կարճ կներկայացնի, թե ինչ կլինի միջուկային հարձակման դեպքում, հետո նա կանցնի աշխատանքի: Ի՞նչ են սպասում Մեծ Բրիտանիան ու Եվրոպան այս զուսպ անգլուհուց, որ վարչապետ է դառնում, երբ երկիրը Երկրորդ համաշխարհայինից հետո իր պատմության ամենագլխապտույտ փուլն է մտնում:
1. «Այլևս չկան նոտինգհիլյան խաղաքարտեր»
Թիվ 10 շենքում Թերեզա Մեյի առաջին խնդիրը նոր կառավարության նշանակումն է: «Մարդիկ, որոնց նա կընտրի, կհայտնվեն կառավարությունում, որովհետև այդ աշխատանքն ամենից լավ կարող են անել,- ասաց Տորիների կուսակցության նախարարներից մեկը:- Մենք կտեսնենք վերադարձ դեպի իսկական կաբինետային կառավարություն: Մարդկանց դա դուր է գալիս, նրանք զգում են, որ կարող են առաջ գնալ: Նա չունի մերձավոր շրջապատ: Ի տարբերություն Դևիդ Քեմերունի, Բորիս Ջոնսոնի ու Ջորջ Օսբորնի, Մեյը չունի «խաղաքարտերի տրցակ»:
2. «Աշխատանք կանանց համար»
Անհնար է, որ Մեյի կառավարությունում կանայք ավելի շատ չլինեն: 2005-ին Թերեզա Մեյը հիմնադրել է «Women2Win» շարժումը, որի նպատակը խորհրդարանում ավելի շատ կանանց ընտրությունն էր: Տասը տարում Մեյը տասնյակ պահպանողական կանանց համար դարձել է ուղեցույց:
3. «Կատաղի նվիրվածություն է հարուցում»
Մեյն աջակցություն է ստացել բոլորից, ում հետ երբևէ աշխատել է կառավարությունում: Նրա դաշնակիցների կարծիքով՝ դա վկայում է ղեկավարի նրա որակների մասին: Նրա հետ աշխատած նախարարներից մեկն ասել է. «Նրա վստահությանն արժանանալ միանգամից չի ստացվի, բայց երբ ստացվի, նա սարի պես կանգնած է ձեր թիկունքին: Մարդիկ շատ արագ սկսում են նրան հարգել: Գալիս ես աշխատանքի՝ նա արդեն այնտեղ է, գնում ես, նա դեռ այնտեղ է»:
4. «Կոշտ, բայց՝ արդարացի»
Համառ՝ պնդաճակատության չափ՝ Մեյը իր համար ստեղծել է հեղինակություն, որի հետևանքով նրան համեմատում են Մարգարետ Թետչերի հետ: Նրա կողմնակիցները գիտեն, որ նրա ընդունած որոշումն անբեկանելի է: Բայց նա ռեֆլեկտոր պահպանողական չէ: Լիբերալ դեմոկրատները նրան գովաբանում են, որովհետև աջակցել է միասեռ ամուսնություններին, բայց դեմ է ժամանակակից ստրկությանը և մարդկանց անօրինական տեղաշարժին, ոստիկանական բարեփոխմանը:
5. «Միլիբենդականությունը բարձրակրունկների վրա»
Իբրև ներքին գործերի նախարար իր վերջին ելույթի շնորհիվ՝ նա ապահովեց իր վարչապետ ընտրվելը: Նա կոչ արեց ստեղծել արդյունաբերության զարգացման ռազմավարություն և ավելի մեծ աջակցություն ցույց տալ սովորական ընտանիքներին, այլ ոչ միայն առանձնաշնորհյալ փոքրամասնությանը: «Հաճելի է տեսնել, որ Թերեզա Մեյը հաստատում է իր նվիրվածությունը 2015-ի նախընտրական մանիֆեստին,- նկատել է քաղաքական գուրու Էդ Միլիբենդը,-հատկապես, եթե դա լեյբորիստական մանիֆեստ է»։
6. «Տորի՝ մինչև ուղնուծուծը»
Ինչ էլ ասի պահպանողականների նոր ղեկավարը երկրի վերամիավորման մասին, նա ուզում է հաղթել լեյբորիստական կուսակցությանը, որի հակառակորդն է եղել պատանության օրերից: Մեյը համալսարանական տարիներից աշխատում էր վարչապետ դառնալու վրա: Ամենից շատ նա հավատում է գործիմաց կառավարությանը և անհամատեղելի է համարում լեյբորիստների կառավարման հետ համատեղումը:
Թոմ ՄԱԿՏԱԳ, Politico
Հ.Գ. Իսկապես իր պատմության ամենագլխապտույտ պահերից մեկին՝ Մեծ Բրիտանիան հանձնվում է կանացի ձեռքերի և գուցե մեծբրիտանացիներն իրենք իրենց մխիթարելու համար են ասում, որ նա Մարգարետ Թետչերի պես Երկաթե լեդի կլինի: Համենայն դեպս՝ Թետչերի վարչապետության օրոք Մեծ Բրիտանիայում նրանից շատերն էին դժգոհ՝ կոշտ բարեփոխումների ու կտրուկ շրջադարձերի համար՝ ածխահատների գործադուլային շարժման ճնշումը, Ֆոլկլենդյան-Մալվինյան կղզիների պատերազմն Արգենտինայի հետ, ԽՍՀՄ-ի փլուզումը և հետևանքները Եվրոպայի համար՝ այս ամենը Թերեզա Մեյին կարող են թվալ մանկական խաղեր՝ նա բախվելու է Միացյալ Թագավորության տրոհման վտանգին, մնացած խնդիրները վաղ-ուշ, լավ-վատ հաղթահարելի են: ԵՄ Մեծ տիկին Մերկելն արդեն կոչ է արել արագացնել ԵՄ-ից հեռանալու գործընթացը, իսկ Թերեզա Մեյը դեռ միայն այսօր է մտել Դաունինգ սթրիթ: Հուսանք, որ 13-ը նրա համար հաջողակ թիվ կլինի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ